Վտանգներ

ՏԵՂԵԿԱՆՔ

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.07.2019թ․

I. Նախաձեռնության մասին

Մի քանի փաստաբաններով ստեղծել ենք «Ոչ ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» նախաձեռնությունը:

Դեմ ենք ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

II. Քաղաքականության մասին

Քաղաքական որևէ ուղղվածություն չունենք, մերժում ենք մեր երկրի համար վնասակար յուրաքանչյուր նախաձեռնություն, կլինի դա իրագործված նախորդ իշխանության օրոք, թե՝ ներկայիս իշխանության: Կամ սկսված նախորդ իշխանության ժամանակ և շարունակվող ներկայումս՝ ավարտման ռեալ միտումով:

Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող բոլոր ուժերին համարում ենք մեր դաշնակիցը:

III. Ինչու նախկինում չէիք խոսում հարցի մասին

Որոշ պատգամավորներ ստամբուլյան կոնվենցիան քննադատող անձանց համար վերացարկված նշում են, թե ինչու նախկինում չէին խոսում: Պետք է տեղեկացնենք հետևյալը՝

 1. Ստամբուլյան կոնվենցիայի փոքրիկ մոդելը հանդիսացող «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 13.12.2017թ., ստորագրվել է նախագահի կողմից 30.12.2017թ. և ուժի մեջ է մտել 31.01.2018թ.: Թեև այդ նախագիծը քննադատությունների արդյունքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն նախկին իշխանություններն ընդունել են այն:

Ստամբուլյան կոնվենցիայի մասին կառավարությունը որոշումն ընդունել է 28.12.2017թ.՝ հենց այն ժամանակահատվածում, երբ հասարակության դժգոհողների ձայնը լռեցրել էին օրենքն ընդունելով:

Այդ օրինագծի հետ կապված մենք մի խումբ փաստաբաններս և մեր գաղափարակիցները հրապարակային բողոքի ձայն ենք բարձրացրել ոչ միայն մամուլի ասուլիսների և հարցազրույցների միջոցով, այլև՝ մասնագիտական քննարկումների և պաշտոնական առաջարկների միջոցով:

2. Նույնիսկ, եթե որևէ քաղաքացի կամ պաշտոնյա նախկին իշխանությունների օրոք որևէ պատճառով չի խոսել և հիմա փորձում է այս իշխանության օրոք իր կարծիքը համարձակորեն բարձրաձայնել, չի կարելի պիտակավորել, քանի որ նոր իշխանությունն իրեն հռչակել է ժողովրդի իրավունքների պաշտպան:

IV. Կոնվենցիայի ընդունման հարցի արդիականությունը

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցը իշխանությունների օրակարգում է: Այս մասին առկա են գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ նախարարի և փոխնախարարի մակարդակով հրապարակային դիրքորոշումները:

Այսինքն, որոշ անձանց կողմից առաջ քաշվող այն տեսակետը, թե չկա այսպիսի օրակարգ և հարցը շահարկվում է, հիմնավոր չէ:

V. Բռնության հետ կապված նախաձեռնության դիրքորոշումը

Դեմ ենք որևէ տեսակի բռնությանը: Պնդում ենք, որ պետությունը պարտավոր է իր տարածքում գտնվող բոլոր մարդկանց պաշտպանել բռնությունից:

Կողմ ենք լինելու բռնությունը կանխարգելելու, իսկ բռնություն իրագործած անձանց պատասխանատվության ենթարկելու ցանկացած արդար և համաչափ մեխանիզմների ներդրմանը:

VI. Կոնվենցիայի քարոզը կատարող անձանց թիրախավորման հարցը

Մեր նախաձեռնության թիրախը մարդիկ չեն, այդ թվում՝ պաշտոնատար անձինք, այլ՝ խնդիրն է:

Փորձելու ենք պահպանել բարեվարքության կանոնները մեր հրապարակային խոսքում, քննարկումներում և բանավեճերում: Հասկանում ենք, որ ստամբուլյան կոնվենցիայի կողմնակից շատ մարդիկ, մտածում են, որ այդ իրավական ակտով պայքարելու են բռնության դեմ և խնդիր չեն տեսնում կոնվենցիայի տեքստում: Ամենայն հարգանք տածելով նշված անձանց կարծիքի նկատմամբ, փորձելու ենք այլ տեսակետից նրանց ուշադրությունը հրավիրել կոնվենցիայի վրա:

VII. Կոնվենցիայի մասին ընդհանուր տեղեկություն

11.05.2011թ․ Ստամբուլ քաղաքում ստորագրվել է Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան:

Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից՝

–   34  պետություն է ստորագրել և վավերացրել Կոնվենցիան․

–  11  պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել Կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Լիխտենշեյնը, Լիտվիան, Մոլդովան, Սլովակիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան․

–  2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել Կոնվենցիան (Ռուսաստանը և Ադրբեջանը):

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է կոնվենցիան 18.01.2018թ. (ՀՀ կառավարությունը կոնվենցիային հավանություն է տվել 28.12.2017թ. թիվ 54 նիստի արձանագրային որոշմամբ (կետ 49)):

VIII. Կոնվենցիայում տեղ գտած դրական կարգավորումներ

Ստամբուլյան կոնվենցիայում առկա են նաև դրական կարգավորումներ, որոնք տեղ են գտել օրինակ հետևյալ գլուխներում՝ իրավաբանական օգնությունը, Ex parte և ex officio ընթացակարգերը, քննությունը և ապացույցները, Կանանց սեռական օրգանների խեղումը, Հղիության հարկադիր արհեստական ընդհատումը կամ հարկադիր ամլացումը, Հարկադիր ամուսնությունը:

Պետք է տեղեկացնենք, որ ՀՀ օրենսդրությունը դրանց մեծ մասն արդեն կարգավորել է, օրինակ բռնության զոհերին տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն, հարկադիր ամուսնությունները կարող են վիճարկվել և անվավեր ճանաչվել, ընտանիքում բռնությանն առնչվող գործերը քաղաքացիական դատավարությունում քննվում են ex officio ընթացակարգով, այսինքն դատարանն է պարզում գործի փաստերը՝ կաշկանդված չլինելով կողմերի մրցակցային ակտիվությունից և այլն:

Կարծում ենք, որ ստամբուլյան կոնվենցիան չվավերացնելու դեպքում էլ պետությունը կաշկանդված չէ այդ կոնվենցիայում տեղ գտած լավ կարգավորումները նախատեսել ներպետական օրենսդրության մեջ:

IX. Կոնվենցիայի բացատրական զեկույցը

Ստամբուլյան կոնվենցիային զուգահեռ 2011թ. ընդունվել է նաև բացատրական զեկույցը[1] (Explanatory Report to the Council of Europe Convention on preventing and combating violence against women and domestic violence), որը ներկայացրել է կոնվենցիայում տեղ գտած հոդվածների ավելի մանրամասն մեկնաբանությունները:

X. Ստամբուլյան կոնվենցիայում տեղ գտած խնդիրները

1. Կոնվենցիայի նպատակը

Նախ՝ Ստամբուլյան կոնվենցիայի նպատակներից է՝ պաշտպանել կանանց բռնության բոլոր ձևերից և կանխարգելել, հետապնդել և վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանեկան բռնությունը (1-ին հոդված, 1-ին մաս, «ա» կետ):

2. Բռնության զոհերը

Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածը բռնությունների միայն 2 խմբի զոհ է նախատեսել՝

– նույն հոդվածի «ե» կետի համաձայն՝ «զոհ» նշանակում է ցանկացած ֆիզիկական անձ, որը ենթարկվում է (ա) և (բ) կետերում նշված վարքագծի դրսևորման.

  • Առաջին խումբ- նույն հոդվածի «ա» կետը սահմանել է «կանանց նկատմամբ բռնություն» հասկացությունը․

–     Երկրորդ խումբ- նույն հոդվածի «բ» կետը սահմանել է «ընտանեկան բռնություն» հասկացությունը, որը նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բոլոր բռնարարքները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից՝ կատարողը բնակվում է կամ բնակվել է զոհի հետ նույն բնակարանում, թե ոչ:

Կոնվենցիայի բացատրական զեկույցի 45-րդ կետում նշվել է, որ ընտանեկան բռնության զոհերը կարող են լինել տղամարդիկ, կանայք և երեխաները:[2]

3. Գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հասկացությունները

Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կողմերի կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կիրարկումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները, ապահովվում են առանց որևէ, այդ թվում՝ սեռի, գենդերային պատկանելության, ռասայի, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնությանը պատկանելու, գույքային դրության, ծննդի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, տարիքի, առողջական վիճակի, հաշմանդամության առկայության, ամուսնական կարգավիճակի, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակի հիմքով խտրականության:

Ինչպես տեսնում ենք կոնվենցիայում օգտագործվել են սեռ, գենդերային պատկանելություն, սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն միմյանցից տարբերվող հասկացությունները:

Կոնվենցիայի 4-րդ հոդվածին առնչվող Բացատրական զեկույցի 53-րդ կետը սահմանում  է՝ «…Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»:

Ստացվում է, որ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձինք Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով կարող են համարվել ընտանեկան բռնության զոհեր:

Այստեղից նաև հասկացվում է, որ կոնվենցիայում «ընտանեկան» հասկացության (3-րդ հոդվածի «բ» կետ) մեջ ներառում է ինչպես ընտանիքը, այնպես էլ ընտանեկան միավորը և զուգընկերները, հետևաբար ԼԳԲՏ անձինք կարող են ներառվել ընտանեկան միավոր-ի կամ զուգընկերներ հասկացության ներքո:

Մեր կարծիքով գենդերային ինքնություն և սեռական կողմնորոշում հասկացություններով կոնվենցիան հատուկ իրավական անկյուն է տվել ԼԳԲՏ  անձանց, քանի որ ԼԳԲՏ անձինք կոնվենցիայով նախատեսված իրավական պաշտպանության տակ են հայտնվում միայն ընտանեկան բռնության զոհի կարգավիճակով: 

Ինչպես արդեն վերը (2-րդ կետում) նշվել է 2 խումբ է նախատեսված՝ կանայք և ընտանեկան բռնության զոհեր:

Բռնությունից պաշտպանվելու իրավունք ունի յուրաքանչյուր մարդ՝ առանց խտրականության: Մտահոգիչ է, երբ մարդկանց կենսաբանական սեռից տարբերվող սեռին առնչվող այլ արհեստական տեսակների բաժանման իրավական հիմք է ստեղծվում և այն ներառվում է «ընտանեկան» հասկացության մեջ:

Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցների քարոզչական այն տեսակետը, որ չկա այդպիսի վտանգ, մեր կարծիքով հերքվում է ոչ միայն վերոհիշյալ փաստարկներով, այլ նաև Բացատրական զեկույցով և Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիայի սահմանադրական դատարանի 27.07.2018թ. (3/2018) որոշմամբ, որով սահմանադրական դատարանն ըստ էության գտել է, որ  ստամբուլյան կոնվենցիան տղամարդ և կին կենսաբանական սեռերից տարբերվող սոցիալական նոր սեռ է սահմանում: Ընդ որում, Բուլղարիան նշված կոնվենցիան ստորագրել է 21.04.2016թ., սակայն ՍԴ նշված որոշման հիման վրա չի վավերացվել:

Բուլղարիայի սահմանադրական դատարանը մասնավորապես նշել է՝

  • Սահմանադրությունը և Բուլղարիայի ողջ օրենսդրությունը հիմնված են մարդկային տեսակների երկակի գոյության ընկալման վրա: Փաստացի, Սահմանադրությունը միանշանակ ընկալում է սեռի սոցիալական չափումը կենսաբանորեն որոշված կերպով՝ փոխազդեցության մեջ՝ 47-րդ հոդվածի 2-րդ մաս: Այս սահմանադրական դրույթում  կենսաբանական սեռ «կինը» կապված է սոցիալական դերին` «մայր», «ծնունդ» և «մանկաբարձական  օգնություն»: Մի խոսքով, «սեռ» տերմինը օգտագործվում է սահմանադրի կողմից` որպես կենսաբանորեն  որոշված և  սոցիալապես կառուցված միասնություն: Սահմանադրության մեջ  սոցիալական  չափումը չի ստեղծում սոցիալական սեռ, անկախ կենսաբանականից, ինչպես նախատեսված է Կոնվենցիայում․
  • իրավական որոշակիության և  կանխատեսելիության պահանջը բացառում է «գենդերային» երկու զուգահեռ և իրար բացառող հասկացությունների գոյությունը: Կոնվենցիայի վավերացումը կհանգեցնի ազգային իրավական կարգի մեջ սահմանադրական իրավունքին հակասող հայեցակարգի ներդրմանը․
  • Կոնվենցիայում, սահմանելով  «սեռը» որպես սոցիալական կառուցվածք, սեռերի սահմանները` արական և իգական, սահմանվում են կենսաբանորեն: Այնուամենայնիվ, եթե հասարակությունը կորցրել է կին և տղամարդ տարբերելու  ունակությունը, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը մնում է միայն ձևական, բայց ոչ լիարժեք պարտավորություն:

4. Ավանդույթները և սովորույթները վերացնելու պարտադրանքը

Ստամբուլյան կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Կոնվենցիայի այս դրույթը խնդրահարույց է, հաշվի առնելով Կոնվենցիայում ընտանեկան բռնության զոհեր հասկացության մեջ ներառվող լայն շրջանակը: Այս պայմաններում, առկա է մտահոգություն, որ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարն արմատախիլ անելու պատվիրանը կարող է վերաբերել նաև իրենց կին համարող տղամարդկանց կամ իրենց տղամարդ համարող կանանց կարծրատիպային դերաբաժանմանը, քանի որ այս դեպքում էլ ըստ կոնվենցիայի չպետք է որևէ խտրություն դրվի:

Սովորույթների և ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը:

Այս խնդրի հետ կապված ներկայացված այն հակափաստարկը, որ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայում (Հայաստանը վավերացրել է 1993 թվականին) օգտագործվել է նույն հասկացությունները որևէ կերպ չեն չեզոքացնում գենդերային ինքնությամբ պայմանավորված մեր մտահոգությունները, քանի որ՝ 1993թ. նշված կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն Կոնվենցիայի նպատակների համար «կանանց նկատմամբ խտրականություն» հասկացությունը նշանակում է սեռի հիմքով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որը նպատակ ունի կանանց համար սահմանափակել կամ վերացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական կամ ցանկացած այլ բնագավառում, տղամարդկանց և կանանց, անկախ նրանց ամուսնական կարգավիճակից, հավասարության հիմքով, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ճանաչումը և կանանց կողմից այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը կամ դրանցից օգտվելը:

Ինչպես տեսնում ենք, 1993թ․ կոնվենցիան հստակ նախատեսել է կնոջ կենսաբանական սեռը: Ավելին, այդ կոնվենցիայում բազմիցս ընդգծել է նաև կնոջ դերակատարման մասին, որպես՝ մայր, մինչդեռ ստամբուլյան կոնվենցիան խուսափել է «մայր» բառի օգտագործումից:

5. Կարծրատիպերից զերծ գենդերային դերերի վերաբերյալ «պրոպագանդա» կատարելու պարտականությունը.

Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կողմերը համապատասխան դեպքերում ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր, որպեսզի պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում[3] ընդգրկվեն կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի, միջանձնային հարաբերություններում տարաձայնություններն առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության և անձնական անձեռնմխելիության իրավունքի թեմաներով ուսումնական նյութեր՝ մշակված ըստ ուսումնառողների կարողությունների զարգացվածության:

Կոնվենցիայի նշված հոդվածը փաստորեն սահմանում է «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» հասկացությունը, ինչը մեր կարծիքով կարող է առնչվել ԼԳԲՏ անձանց:

Թերևս մեր համոզմամբ այս կարգավորումը ամենախնդրահարույցն է, քանի որ չի սահմանափակվում միայն ԼԳԲՏ անձանց բռնությունից պաշտպանելով, այլ նաև ներառում է «պրոպագանդայի» պարտականություն և այն էլ երեխաների շրջանակում:

Նշված կետը հստակ սահմանում է, որ կրթական ծրագրերում ընդգրկվեն  «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր:

6. Այլ երկրներից ապաստան հայցողները

Ստամբուլյան կոնվենցիայի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կողմերն ապահովում են, որ Կոնվենցիայի հիմքերից յուրաքանչյուրը մեկնաբանվի նաև գենդերային տեսանկյունից, և որ այդ հիմքերից մեկի կամ մի քանիսի պատճառով հետապնդման երկյուղի առկայությունը հաստատվելու դեպքում դիմումատուներին տրվի փախստականի կարգավիճակ՝ կիրառելի համապատասխան իրավական փաստաթղթերին համապատասխան։

Կոնվենցիայի 60-րդ հոդվածին (գենդերային հիմքով ապաստան ստանալու հայցերը) առնչվող Բացատրական զեկույցի 313-րդ կետը սահմանում է՝ …որոշ կանայք կարող են հալածանքների ենթարկվել հասարակության մեջ ընդունված վարքագիծ կամ դերակատարություն չդրսևորելու համար, ինչպես նաև ավանդական գենդերային դերերին դեմ խոսելու համար: … Կողմերը ցանկության դեպքում կարող են նշված մեկնաբանությունը տարածել նաև գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսգենդերների նկատմամբ, ովքեր նույնպես հանդիպում են գենդերային դերակատարության հիմքով հետապնդումների և բռնության զոհ:

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո մեր երկրում հնարավորություն է ստեղծվելու այլ երկրների ԼԳԲՏ անձանց տրամադրել ապաստան և փախստականի կարգավիճակ՝ գենդերային հիմքով:

Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներից պարզ է դարձել, որ ԼԳԲՏ անձինք, որոնք իրենց երկրներում «խնդիրներ» ունեն, ձգտում են Հայաստան:

XI. Ստամբուլյան կոնվենցիայի ընդհանուր վտանգները

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո՝

– ԼԳԲՏ անձանց կողմից ընտանիք ստեղծելու (ամուսնանալու) և երեխա որդեգրելու այսօրվա իրավական խոչընդոտները կվերանան կամ էականորեն կթուլանան, ինչը բացասական կերպով կազդի ժողովրդագրության վրա,

– տարբեր երկրներից ԼԳԲՏ անձինք ապաստան և փախստականի կարգավիճակ կհայցեն՝ գենդերային հիմքով, ինչի հետ կապված մեր երկրի սահմանափակ միջոցները չեն բավարարի,

– ապագայում կարող է հնարավորություն ստեղծվել իրենց կին համարող տղամարդիկ խուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից, ինչը բացասական կերպով կազդի բանակի մարտունակության վրա:

ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն, իսկ 3-րդ մասի համաձայն՝ ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը սահմանում է՝ Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում կստացվի, որ այն չի հակասում Սահմանադրությանը, այդ թվում նաև բացառապես տարբեր սեռերի ներկայացուցիչների միությունը ընտանիք համարելու սահմանադրակիրավական մոտեցմանը: Ինչից էլ կբխի, որ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո Սահմանադրության կոնկրետ նորմեր մեկնաբանելիս պետք է հաշվի առնվեն արդեն Ստամբուլյան կոնվենցիայով մարդկանց (անկախ գենդերային ինքնությունից և սեռական կողմնորոշումից) իրավունքների վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա ստեղծված կոմիտեի պրակտիկան, իսկ օրենքների (օրինակ՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի) հետ հակասության դեպքում գործելու է Ստամբուլյան կոնվենցիան, իսկ դա կարող է լինել ԼԳԲՏ անձանց կողմից ընտանիք ստեղծելու (ամուսնանալու), երեխա որդեգրելու հարցերի մեկնաբանման օգտին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի միության 28 պետությունից՝ 14 պետությունում թույլատրվում է միասեռ ամուսնությունները և երեխայի որդեգրումը:

Պատահական չէ նաև, որ ստամբուլյան կոնվենցիայի վավերացման օգտին ակտիվ քարոզչություն են իրականացնում ԼԳԲՏ անձինք և նրանց իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպությունները և նախաձեռնությունները:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը շրջապատված է Թուրքիայով և Ադրբեջանով, որոնք հայտնի են եղել իրենց ագրեսիայով և հակահայկական քաղաքականությամբ, Հայաստանի իշխանությունները պարտավոր են հաշվի առնել նաև այս խնդիրը:

XII. Կոնվենցիայի վավերացման ընթացակարգը

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախքան միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմում է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:

Նախքան ՍԴ դիմելը, իրավասու մարմինը կազմակերպում է որոշակի տեղեկանքների և եզրակացությունների հավաքագրումը տարբեր գերատեսչություններից և փաթեթը ներկայացնում է կառավարություն:

XIII. Կոնվենցիայի վերապահումը

Ստամբուլյան կոնվենցիայի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն Կոնվենցիայի որևէ դրույթի մասով որեւէ վերապահում չի կարող արվել՝ բացառությամբ 2-րդ և 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերի:

Նշված պարբերություններով վերապահում թույլատրում է միայն կոնվենցիայի 30-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, 33-րդ, 34-րդ հոդվածներով, 44-րդ հոդվածի 1 (ե), 3-րդ և 4-րդ պարբերություններով, 55-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ՝ 35-րդ հոդվածի համաձայն սահմանված ոչ մեծ ծանրության իրավախախտումների առնչությամբ, 58-րդ հոդվածով՝ 37-րդ, 38-րդ, 39-րդ հոդվածների առնչությամբ, 59-րդ հոդվածով:

Մտահոգություն առաջացնող կոնվենցիայի հոդվածների վերապահում չի թույլատրվում:

Ի դեպ, Բուլղարիայի սահմանադրական դատարանը նույն պատճառաբանությամբ ամբողջ կոնվենցիան է ճանաչել Սահմանադրությանը հակասող:

XIV. Նախաձեռնության պահանջը

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության վարչապետին, սահմանադրական դատարանին և ազգային ժողովին՝

  • մերժել ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը:

«Ոչ ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» նախաձեռնության

խմբի համակարգող, փաստաբան՝   Արա Զոհրաբյան

խմբի անդամներ, փաստաբաններ՝  Արմինե Ֆանյան

                                                          Ալեքսանդր Կոչուբաև


[1] https://rm.coe.int/16800d383a

[2] 45. ․․․ While only women, including girls, can be victims of violence against women, victims of domestic violence may include men and women as well as children.․․

[3] Կրթական բոլոր մակարդակների մեջ ակնհայտորեն ներառվում են նաև հանրակրթական ուսումնական հաստատությունները:

Նորություններ